ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մենք չենք տերը մեր երկրի

Մենք չենք տերը մեր երկրի
08.11.2025 | 11:17

Հայաստանում և ոչ մի ոլորտ Հայաստանից չի ղեկավարվում և դա արդեն փաստ է: Քաղաքականություն, տնտեսություն, լոգիստիկա, կրթություն, առողջապահություն, էկոլոգիա, գիտություն և այսպես շարունակ:

Ոչ մի ոլորտ տեղական կուրացիայի ներքո չէ:

Եթե Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը Հայաստանում որոշվեր, ապա ընդդիմությունը, հերթական ընտրություն-շոուին պատրաստվելու փոխարեն, շատ վաղուց սահմանադրական ճգնաժամ կստեղծեր, պետության նախկին ղեկավարները ճակատագրական բացահայտումներ կհրապարակեին: Եթե Հայաստանում ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու անգամ նշույլներ լինեին, ապա Հայաստանը վաղուց ապաշրջափակված կլիներ և կախված չէր լինի Ալիևի կամ Էրդողանի քմահաճույքից:

Հայաստանի կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրն այլևս ուղիղ փոխկապակցված են օտարերկրյա ներդրումների և դրամաշնորհների հետ:

Հայ ազգը (եթե կարելի է այդպես անվանել) աստիճանաբար վերածվեց ժողովրդի, այնուհետև` բնակչության: Դե, իսկ բնակչությունը ոչ միշտ է երկրի տերը: Այս իմաստով, հաշվի առնելով բնակչության իրավունքների զանգվածային խախտումները և վերջինիս հանդեպ օրեցօր սաստկացող ֆինանսական տեռորը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը Հայաստանում վարձով է ապրում:

Սինգապուր, Հարավային Կորեա, Իռլանդիա, Վիետնամ, Ռուանդա: 1960-80-ականներին այդ պետությունները շատ աղքատ էին, պատերազմներից ավերված, զանգվածային արտագաղթով: Սակայն վերջիններիս հաջողվեց բարեփոխումներ իրականացնել: Բոլորի դեպքում կարևոր դեր խաղաց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը: Մնացածն ածանցյալ էր:

Ցավոք, Հայաստանը բացառում է Սինգապուրի, Ռուանդայի, առավել ևս` Իռլանդիայի, ուղին: Նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները «հմայվել են» Վենեսուելայով, Բելառուսով, Հյուսիսային Կորեայով և, միգուցե` Տաջիկստանով:

Կարելի՞ է փոխել իրավիճակը: Իհարկե` միայն արմատական իշխանափոխությամբ:

Իսկ, ե՞րբ:

Միայն այն ժամանակ, երբ Հայաստանում վարձով ապրող բնակչությունը (գոնե` զգալի մասը) վերածվի ժողովրդի, այնուհետև` ազգի:

Որտեղի՞ց սկսել:

Իհարկե... մանկապարտեզից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5474

Մեկնաբանություններ